ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Վլադիմիր Պուտինի այցը ՀՀ, ասել է, որ Ռուսաստանը պետք է հավաստիացումներ ստանա Հայաստանից Միջազգային քրեական դատարանին վերջինիս միանալու կապակցությամբ։
Նա հավելել է, որ այդ հարցը լուծվելու է երկրների երկխոսության ճանապարհով, գրում է ՏԱՍՍ–ը։
«Մենք արդեն ասել ենք, որ, անկասկած, նոր իրողությունը, կապված ՄՔԴ–ին Հայաստանի միանալու հետ, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Անշուշտ, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից, այդ հարցը դեռ պետք է լուծում ստանա երկկողն երկխոսության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,–ասել է Պեսկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե եթե Պուտինը գա Հայաստան, արդյոք ոստիկանությունը նրան կձերբակալի և կուղարկի Հաագա, ասել է, որ Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ:
«ՀՀ վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»,–ասել է նա։
Պատասխանելով այն հարցին թե, հնարավո՞ր է, որ ինքն ուղղակի զանգահարի Պուտինին և ասի, որ նա ուղղակի չգա, քանի որ ինքը չի կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի։
«Ես չեմ կարծում թե Վլադիմիր Պուտինն իմ խորհուրդների կարիքն ունի»,–պատասխանել է Փաշինյանը։
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի ստատուտը 2023–ի հոկտեմբերին։ Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին՝ որոշումն ուժի մեջ է մտել։
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր էր տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնիսկ բողոքի նոտա էր հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայաստանի տարբեր պաշտոնյաները հայտարարել են, որ Հռոմի ստատուտին միանալու որոշումը կայացվել է, քանի որ դրանով Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորություն են տեսնում։