12 փետրվարի 2024 - 18:09 AMT
Բաքուն «լրջորեն մտահոգված է» ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության գործունեությամբ․ ԵՄ դեսպանին ԱԳՆ են կանչել

Բաքուն «լրջորեն մտահոգված է» ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության գործունեությամբ։ Փետրվարի 12–ին Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոյին կանչել են այդ երկրի ԱԳՆ։

Ըստ Ադրբեջանի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործողությունները «հակասում են այդ առաքելության մասին պայմանավորվածություններին», գրում է Haqqin.az-ը։

Նշվում է, թե «առաքելությունը լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»:

ԵՄ դեսպանին ասվել է, որ առաքելությունը դարձել է «հեռադիտակային դիվանագիտության գործակալ», որը նպաստում է տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ։

Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն ափսոսանք էր հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ադրբեջանական քարոզչության մեղադրանքների կապակցությամբ։