14 փետրվարի 2024 - 10:49 AMT
Պետդեպ․ ՀՀ ու Ադրբեջանի միջև հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ ու ընդգծել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են:

Նա նաև ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք մտահոգված ենք մահացու ելքով ռազմական բախումների մասին տեղեկությամբ, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խափանում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է: Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով կարգավորվի: Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հանձնառու է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին»,- ասել է Միլլերը:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։