ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ադրբեջանական զինված ուժերը փետրվարի 13–ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ անօդաչու սարքեր են կիրառել։
Նա շեշտել է, որ 4 հայ զինվորի մահվան պատճառ դարձած հերթական ագրեսիան առանձին գործողություն չէ, դա ադրբեջանական սադրանքների շարք է։
«Ըստ մեր գնահատականի, դա Ադրբեջանի քաղաքականությունն է, ուղղված բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խաթարելուն։ Սրա մասին է վկայում նաև Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը՝ համեմված Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներով։ Ահայտորեն, Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, ինչը շատ անհանգստացնող փաստ է։
Բայց չնայած այս բոլոր փաստերին, ՀՀ կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, քանի որ մեր համոզմունքն այն է, որ խաղաղության գործընթացը չունի այլընտրանք։ Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության գործընթացում հասնելու կոնկրետ արդյունքների, և մենք դա անում ենք։ Բայց դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի։ Եվ այսօրվա չորս զինվորի կյանք տարած միջադեպը ոչ միայն խաղաղության քաղաքական կամքի բացակայության, այլև թշնամանքը խորացնելու և ռազմական էսկալացիա ծավալելու Ադրբեջանի մտադրությունների մասին է վկայում։
Սրա մասին են վկայում երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները: Ադրբեջանական մամուլը երեկ երեկոյան տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ այսօրվա միջադեպի հատվածում Հայաստանի դիրքապահը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հայաստանի Ռազմական ոստիկանությունը հայտարարեց, որ այդ տեղեկությունների հիման վրա հետաքննություն է սկսվել, որովհետև ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների:
Եվ դա շատ հստակ ուղերձ էր Հայաստանի կողմից, և Ռազմական ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ հստակ ասվում էր, որ եթե այդ փաստն ապացուցվի, դա կնշանակի հրամանի խախտում՝ դրանից բխող իրավական հետևանքներով։ Բայց չնայած դրան, այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը սկսեց տեղային, բայց ծավալուն հրաձգություն՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, և ինչպես նշեցի, դժբախտաբար չորս զինծառայող սպանվեցին։
Հարցը նույնիսկ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների հրամցրած միջադեպը չէ, որովհետև մենք շատ երկար ու բարդ սահման ունենք և եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով: Ցավոք մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»,–ասել է վարչապետը:
Սըր Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին: Միաժամանակ, նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ և ընդգծել խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։