14 փետրվարի 2024 - 14:02 AMT
19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հրում վարժությունում Գրիգորյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 81 կգ կշռող ծանրաձողը, հայտնում է ԿԳՍՄ նախարարությունը։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանը երկամարտում գրավել է 7-րդ տեղը՝ 180 կգ արդյունքով։