14 փետրվարի 2024 - 15:15 AMT
Օ՛Բրայեն․ Փորձելու ենք մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենն ասել է, որ «Վաշինգտոնը փորձելու է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները», հայտնում է ադրբեջանական Turan-ը։

Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին փետրվարի 13–ի միջադեպին՝ նա կարևորել է ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Օ՛Բրայենն այդ մասին խոսել է Մյունխենի Անվտանգության համաժողով մեկնելուց առաջ։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե հայ-ադրբեջանական հանդիպումներ լինելու են, թե ոչ։

Ըստ ԶԼՄ–ի, Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։