Լոս Անջելեսում կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների ԱՄՆ–ում առաջին կենտրոնը։ Այն կսկսի գործել մեկ տարուց։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 4146 Lankershim Blvd, North Hollywood հասցեում։
Կենտրոնն իր դռները կբացի 1500 պատանիների առջև, ովքեր անվճար կսովորեն խաղերի մշակում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ծրագրավորում:
Կենտրոնի հիմնադրմանը աջակցել են թե Կալիֆոռնիա նահանգի, թե Լոս Անջելեսի ղեկավարությունը՝ անձամբ նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի ներգրավվածությամբ։ Հիմնարկեքին մասնակցել են նաև Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները, Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասը և Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը։
Լոս Անջելեսը կլինի ԱՄՆ-ում Թումոյի տարածման մեկնարկային կենտրոնը. պլանավորվում է մոտ ապագայում կենտրոնների ցանց հիմնադրել թե Կալիֆորնիայում, թե այլ նահանգներում։
Շենքի դիզայնի հեղինակն է Թումոյի հին ընկեր ճարտարապետ Բեռնար Խուրին։