29 փետրվարի 2024 - 13:51 AMT
Ապրիլի 1-ից պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Գործադիրը հաստատել է որոշման նախագիծը։

Ըստ հիմնավորման, վարժանքների անցկացումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:

Հավաքների ընթացքում նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:

ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում՝ ծախսերն իրականացվելու են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: