29 փետրվարի 2024 - 14:21 AMT
Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող 2 ընկերություն տուգանվել է

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող 2 ընկերություն տուգանվել է։ «Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգը» և «Ապեքս Թրեյդինգը» տուգանվել են 1 մլն 800 հազար դրամով՝ չհայտարարագրած համակենտրոնացման համար, յուրաքանչյուրը՝ 900 հազարական դրամ, հայտնում է Factor.am-ը։

«Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգ» ընկերությունը, ըստ e-registr.am-ի տվյալների, պատկանում է գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին։ «Փրոջեքթ Ֆայնընս Հոլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի նոյեմբերի 4-ին և հոլդինգ ընկերությունների գործունեության, ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործունեություն է իրականացնում։ «Ապեքս Թրեյդինգ» ընկերության գործունեության ոլորտն է ոչ մասնագիտացված մեծածախ առևտուրը՝ տղամարդու և կանացի հագուստի և կոշիկների, ինչպես նաև դրանց հումքի մեծածախ ու մանրածախ վաճառքը:

Գործընթացը սխալ կազմակերպելու հետևանքով թյուրիմացաբար համակենտրոնացման գնահատման դիմում Մրցակցության պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել: Ընկերությունները հունվարի 11-ին իրենք են դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, ընդունել իրավախախտում կատարելու փաստն ու խնդրել արագացված վարույթ կիրառել։

Համակենտրոնացումն այն գործընթացն է, երբ տնտեսավարող սուբյեկտների միացումը, միաձուլումը, տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի 20 տոկոս կամ ավելի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, տնտեսավարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսավարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ազդեցություն ձեռք բերել որևէ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա։