Մարտի 12-ին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա կանցկացվի տրանսպորտի թանկացման դեմ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։l
Ակցիայի սկիզբը նախատեսվում է ժամը 9։00–ին։
«Մարտի 12-ին' ժամը 9։00-ին կլինեմ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, տրանսպորտի թանկացման դեմ իմ անհամաձայնությունը հայտնելու համար:
Հենց այդ օրը ավագանու նիստի ժամանակ փորձելու են ընդունել տրանսպորտի թանկացման այդ խայտառակ նախագիծը:
2013-ին ներկայիս իշխանությունը պայքարում էր տրասպորտի թանկացման դեմ նշելով, թե 50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, և որ մենք հացի խնդիր ունեցող երկիր ենք... 2018թ-ից առաջ և իշխանության գալուց հետո էլ հայտարարել էին, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց հերթական անգամ ժողովրդին խաբեցին։
Եթե դու դեմ ես տրանսպորտի թանկացմանը, ապա մարտի 12-ին ժամը 9։00-ին արի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, և հայտնիր քո անհամաձայնությունը»,–ասվում է գրառման մեջ։
Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Փոխքաղաքապետը նշել է, որ լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերին։
Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։