Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել` ողջունելով ԵԽ բանաձևը և հորդորելով ՀՀ կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ։
Մասնավորապես կուսակցությունը կոչ է անում․դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, վերացնել համակարգային կոռուպցիան, իրականացնել լյուստրացիա՝ իշխանությունից հեռացնել ռուսական գործակալներին, իրականացնել դեկոմունիզացիա՝ անվանափոխել ռուս-խորհրդային անվանումները, ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական զորքերը, ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, – ազգայնացնել երկաթուղին, օդային տարածքը, կարևոր ենթակառուցվածքները։
«Վերստին նախազգուշացնում ենք, որ եթե ՀՀ իշխանությունը հնարավորինս արագ չիրականացնի անկախության և ժողովրդվարության բարեփոխումներն, ապա ՔՊ-ական իշխանությունը կորակվի ռուսամետ, դրանից բխող աղետալի հետևանքներով, որոնք կանխելու համար կծագի իշխանափոխության հրատապ անհրաժեշտություն»,–ասվում է հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։
Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։