Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը կոչ է արել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին հաստատել, որ «Հայաստանն ագրեսոր չէ և որևէ ծրագիր չունի հարձակվելու Ադրբեջանի վրա»։
Նա X-ի միկրոբլոգում այդպես է արձագանքել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն գրառմանը, որ Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությունը թափանցիկության ապահովման կարևոր գործառույթ է իրականացնում։
«Հիմնվելով ՀՀ-ում ԵՄ առաքելության մշտադիտարկման վրա՝ Կլաարը հստակ հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։ Ջոզեպ Բորել, հրատապ է, որ վճռական խոսեք ԵՄ անունից՝ հաստատելու համար ձեր հատուկ ներկայացուցչի հայտարարությունը՝ Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի»,- ասվում է գրառման մեջ։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը, արձագանքելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, կրկին հայտնել է, որ դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։
«EUMA-ն ապրիլի 1–ին կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթին էր»,- ասված է գրառման մեջ։