Հայաստանը ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Որոշման նախագիծը ներառված է գործադիրի ապրիլի 12-ի նիստի օրակարգում։
Նախագիծը ներկայացրել է պաշտպանության նախարարությունը։
Նախատեսվում է, որ ռազմական կցորդը իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025–ի հունվարի 1-ից։
Ըստ հիմնավորման, ՄԹ–ում ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և բրիտանական՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ։
Նշվում է նաև, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները, յուրաքանչյուր տարի փոխադարձությամբ տեղի ունեցող պաշտպանական, ռազմավարական և ռազմաքաղաքական խորհրդակցությունները: