Ազգային ժողովն ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Կողմ են քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 25, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը, սակայն, նախագիծը քննարկման ընթացքում ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից որոշ ձևակերպումների պատճառով։
Օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է, օրինակ, կուսության ստուգումն արգելելուն։ Նաև նոր փոփոխություններով, այսպես ասած, ներմուծվում է «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին, գրում է Sputnik Արմենիան։
https://arm.sputniknews.ru/20240412/azgajin-zhvoghvovn-yndunec-yntanekan-brnutjan-masin-orenqum-katarvats-pvopvokhutjunnery-74466484.html
Համաձայն նախագծի, զուգընկեր է համարվում այն անձը, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից: Եկեղեցին անհանգստացած և մտահոգված է, որ նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը
Առաջարկող փոփոխությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը։ Մասնավորաբար, Մայր աթոռը մտահոգիչ է համարում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը։
Ընդդիմությունը ևս քննադատել է օրենքում առաջարկվող փոփոխություններից մի քանիսը՝ պահանջելով հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից: