12 ապրիլի 2024 - 18:37 AMT
Բաքոյան․ Իշխանության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասել է, որ իշխանության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, հայտնում է Factor TV-ն։ Նա հավելել է, որ դրանք դատարկ խոսակցություններ են, նման օրակարգ գոյություն չունի։

Նա նաև անդրադարձել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը պատրաստ է ամեն քայլի՝ անվստահություն, մանդատները վայր դնել, որ իշխանությունը հեռանա։

«Եղանակները տաքացել են, եթե ընդդիմությունը ցանկանում է փողոց դուրս գալ, թող ակտիվանան»,–ասել է նա։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ ընդդիմադիրների համար մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, այլ բան է, որ հանրային ընդվզում չեն տեսնում։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 11–ին ԱԺ ամբիոնից դիմել էր խորհրդարանական ընդդիմությանը և առաջարկել վայր դնել մանդատները, եթե նրանք ուզում են իշխանության հրաժարականը կամ նոր ընտրություններ։