Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է AFP գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը կայացրել է «վերջին ամիսներին Ադրբեջանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին», հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ելիսեյան պալատում մտադիր են պարզաբանումներ ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։
Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ այդ կապակցությամբ դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հայտնում է «Ազատությունը»։
«Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը», - ասված է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի ԱԳՆ -ն հավելել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։
Մարտին Ֆրանսիայի ԱԳՆ–ն մտահգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության հետ իրավիճակի վերաբերյալ և կոչ էր արել այդ երկրի իշխանություններին հարգել խոսքի ազատությունը։ Բաքվում դա որակեցին որպես միջամտություն երկրի ներքին գործերին։