18 ապրիլի 2024 - 14:14 AMT
Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր

Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։

Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։

Պրոֆեսոր Վերհալենը աշխատելու է նաև տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը և կիսվելով արդյունավետ մարզչական տեխնիկաներով:

«Չափազանց ուրախ ենք, որ Team-ը հանդես է գալիս որպես այս նախաձեռնության գործընկեր: Մեր համագործակցությունը Team Telecom Armenia-ի հետ սկսվել է 2021 թվականին, և մենք երախտապարտ ենք նրանց անմնացորդ նվիրվածության և աջակցության համար այս տարիների ընթացքում»,- նշել է CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանը:

Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել։