24 ապրիլի 2024 - 13:01 AMT
Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն Անթիլիասի մայրավանքում ապրիլի 23–ին Հայոց ցեղասպանության 109-ամյակի ոգեկոչման առիթով իր ելույթում հայտարարել է, որ Ապրիլի 24-ը միայն նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքն առավել ամրացնելու կոչ է։

Նա իր խոսքում դիմել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նույն օրը՝ ապրիլի 23–ին, Հայաստանին դիմելով հայտարարել էր, որ «տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները»։

Պատասխանելով Թուրքիայի նախագահի՝ Հայաստանը Սփյուռքին, Սփյուռքը Հայաստանին հակադրելու անիմաստ փորձերին, Արամ Առաջինն ասել է. «Պարոն նախագահ, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին։ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք՝ մեկ պահանջատիրությամբ»:

«Հուսով եմ՝ Հայաստանը, ազատվելով այն խավարից, որում իրեն գերի է դարձրել սփյուռքը, լուսավոր վաղվա համար նոր սկիզբ դնելու ճանապարհը կընտրի։ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ։ Քանի դեռ բաց են, պետք է լավ գնահատել»,-սպառնացել է Էրդողանը։

«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։ Պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմագետների կողմից, որ ինչ կատարվեց 1915 թվականին իմ պապերի դեմ քո պապերի կողմից, Ցեղասպանություն էր՝ ծրագրված և իրականացված պետական մակարդակով»,- ասել է Արամ Առաջինը։

Նա նաև արթնության կոչ է հղել հայ ժողովրդին՝ նշելով, որ «Կովկասից ներս համաթուրանական նոր դաշնակցության կազմավորումով Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց օղակի մեջ խեղդել Հայաստանը»։

«Հայաստանի ցեղասպան դրացիները խաղաղության հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստորեն սպառնում են Հայաստանի ամբողջականությանն ու անվտանգությանը, նույնիսկ՝ գոյությանը»։ Թուրքիան ու իր «կրտեսեր եղբայր» Ադրբեջանը շարունակում են ուրանալ իրենց գործած համամարդակային ոճիրները, խեղաթյուրել հայոց պատմությունը, ոչնչացնել հայոց դարավոր հետքերը։ Հայ ժողովուդրը պետք է շարունակի իր պայքարը»,–ասել է Վեհափառը։

Նա նաև համախմբվելու կոչ արեց ազգին ու հայրենիքին սրբազան արժեքներ, համահայկական օրակարգի շուրջ, թեկուզ տարբեր մոտեցումներով՝ Հայաստանի փրկությունը ամենն բանից վեր դասելով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23–ին, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, ասել էր, թե հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձևավորելու ժամանակն է։

«Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել և անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ևս դա հասկանում է»,–ասել է նա։