«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով ծանր առողջական վիճակը։
Նա արդեն 20 օր է անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։
Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։
Լեո Նիկոլյանը մարտից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։
Նիկոլյանը համոզված է, որ իր մուտքը Հայաստան արգելելը քաղաքական հարց է։
Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար»,–ասվում է հայտարարության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։
Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։
Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։