Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և զարգացումներին, ինչպես նաև Հայաստանյան ներքաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցող գործընթացներին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ, ընդգծելով, որ սահմանազատումն իրականացվում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու, ինչպես նաև տարածքային ամբողջականության անխաթարության սկզբունքների շրջանակում:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության օրակարգային հարցերին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և առկա խնդիրների չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի խթանման կարևորությանը:
Հանդիպման ավարտին ՍԴՀԿ ներկայացուցիչները կրկին վստահեցրել են, որ կուսակցությունն իր կարողություններով պատրաստ է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանն ու երկրի օրակարգային հարցերի սպասարկմանը:
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Թամար Փոլադիան Պերոնին և վարչության ներկայացուցիչներին:
Անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ մանրամասներ ներկայացնելով Հայաստանում վերջին տարիներին իրականացված տնտեսական, ժողովրդավարական, կրթական և այլ բարեփոխումների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ մեկնարկած սահմանազատման գործընթացը լիովին գտնվում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի հստակ դիրքորոշման տրամաբանության շրջանակներում: