13 մայիսի 2024 - 16:22 AMT
ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ու աջակիցները շարժման առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ երթով հասել են Գիտությունների ազգային ակադեմիա, սակայն շենք մտնել չեն կարողացել, քանի որ դռները փակ էին։

Միաժամանակ Բագրատ սրբազանին թույլ են տվել մտնել ԳԱԱ պատմության ինստիտուտ, որտեղ նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Բագրատ սրբազանը Մելքոնյանին հարցրել է. «Դուք պատմության ինստիտո՞ւտ եք, թե՞ իրականության»։

Մելքոնյանը պատասխանել է. «Մենք անաչառության ինստիտուտ ենք. առանց մեր պատմական հայրենիքի` 400 հազար քառակուսի կիլոմետրի, որևէ պատմաբան չի պատկերացնում իր մասնագիտական ունակությունների դրսևորումները»։

Ավելի ուշ Բագրատ սրբազանը միայնակ մտել է ԳԱԱ, որտեղ հանդիպել է փոխտնօրենի ու աշխատակիցների հետ։ Նա լրագրողներին չի մանրամասնել, թե ինչ են քննարկել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։