13 մայիսի 2024 - 17:37 AMT
Աղազարյան. Բացառված է ՔՊ-ից իմփիչմենթին միացողներ լինեն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու՝ ընդդիմության նախաձեռնությանը, բացառել է, որ ՔՊ–ից կարող են միացողներ լինել։

«Բացառված է ՔՊ-ից իմպիչմենտին միացողներ լինեն, կանգնած ենք վարչապետի կողքին» ,- ասել է նա։

Նա հավելել է, որ խմբակցությունը հիմա ավելի քան կուռ է և կանգնած է վարչապետի կողքին, գրում է Factor.am-ը։

«Մեկ հոգի էլ չի միանա այդ նախաձեռնությանը։ Մենք գտնում ենք, որ վարչապետին ընտրել ենք, և իր հետ միասին պետք է հաշվետու ժամանակահատվածում իրականացնենք մեզ վրա վերցրած պարտավորությունները կամ թերացումները։ Ընդդիմության ձայները չի բավարարում՝ ինչպե՞ս են սկսելու այդ անվստահության գործընթացը»,- հավելել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։