13 մայիսի 2024 - 17:45 AMT
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով՝ քաղաքացիները մարզերում ճանապարհներ են փակել։

Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, Արարատի մարզի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը։ Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում, հայտնում է Panorama.am-ը։

Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ։ Արագածոտնի մարզի ավտոերթի մասնակիցները Ապարանում իրազեկման ակցիա են իրականացնում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։