«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Հայաստանի ժուռնալիստների միությունում հայտարարել է, որ արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ։
Նա նշել է, որ միայն Le Monde–ին է տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն, հայտնում է Sputnik Արմենիան։
«Երբ ասում եմ` արտաքին աշխարհ, միանգամից նկատի ունեք Արևմուտքը... բայց բոլոր տեղերից էլ հետաքրքրությունը կա, ինչքան լրատվականներ են կոնտակտներ ուզում հարցազրույցների համար, բայց ես դեռևս փորձում եմ սահմանափակ մնալ։ Միայն «Le Monde»–ին եմ տվել հարցազրույց, որը կարևոր էր և պետք էր։ Մնացած բոլորին խնդրել եմ, որ մի քիչ ժամանակ անցնի»,–ասաց Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, գրում է Sputnik Արմենիան։
«Կանադայի քաղաքացիությունն ինձ համար սոսկ փաստաթուղթ է, անցաթուղթ և վկայություն, որ ես այդ երկրում ապրել եմ, և շատ շնորհակալ եմ, որ ապրել եմ։ Այդ անձնագիրն ինձ տրվել է ոչ թե ծառայության դիմաց, այլ այնտեղ լինելու` որպես հոգևոր առաջնորդ, պահանջված բոլոր օրինական ճանապարհներով, մեր երկրի պես «ախպերությամբ» չի տրվել»,–ասել է սրբազանը։
Նա ընդգծել է, որ Կանադայում բազմաթիվ ընկերներ ունի ինչպես հայ համայնքում, այնպես էլ Կանադայի հասարակական, քաղաքական և հոգևոր շրջանակներում։
«Ամեն վայրկյան այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրին` Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, որը չարիքի ձեռքով դարձավ մեզ համար հեռավորության վրա, այն, ինչ կծառայի իմ հայրենիքին, ես ոչ միայն հրաժարվելուն եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում»,–ասել է Բագրատ սրբազանը։
Մայիսի 14–ի առավոտյան Երևանում վերսկսվել են բողոքի և անհնազանդության ակցիաները։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Հանրապետության հրապարակից երթ են սկսել դեպի ԵՊՀ՝ ճանապարհին կանգ առնելով նաև Մանկավարժական ինստիտուտի մոտ և կոչ անելով ուսանողներին միանալ երթին։ Ժամը 13»30-ի դրությամբ ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։