Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նշվում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, թե Երևանի Աբովյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գևորգյանը։
Դեպքի առթիվ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժած անձը հանդիսանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները լուսաբանող, Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանը, իսկ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս:
Ըստ հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել։
Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է Mediahub.am–ի լրագրող Նարե Գևորգյանին, որը լուսաբանում է մայրաքաղաքում անցկացվող ակցիաները։ Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանական մեքենան հարվածում հետիոտների համար գծանցումով անցնող լրագրողին։