Սոցցանցի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնության հրապարակային կոչի, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Հաղորդում է ստացվել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված` զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու առերևույթ հատկանիշներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված գրառման հեղինակին հայտնաբերելու և նրա արարքին համապատասխան իրավական գնահատական տալու նպատակով։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։
Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։
Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։