Բելառուսը մտադիր է Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել։ Այդ մասին Ադրբեջանում հայտարարել է Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը, հայտնում է Minval.az-ը։
Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում։
Պարխամովիչը պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակության կազմում է այցելել Արցախ, այդ թվում Շուշի։
Լուկաշենկոն բելառուսական արտադրության 2 տրակտոր է նվիրել Շուշիին։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։