18 մայիսի 2024 - 15:10 AMT
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այդ մասին Հաջիևը գրել է X-ում հանդիպումից հետո։

Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, գրում է 1news.az-ը։

«Սպիտակ տանը բովանդակալից հանդիպում եմ ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, որի ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Մենք նաև կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հարցերի, տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,–ասվում է գրառման մեջ։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: