12 մայիսի 2009 - 17:57 AMT
«Կանայք հանուն խաղաղության» կազմակերպությունն առաջարկում է մայիսի 12-ը հայտարարել Խաղաղության օր
«Զինադադարն այսօր այլ իմաստ է կրում, եթե նախկինում Ադրբեջանը, Ղարաբաղն ու միջազգային հանրությունը համաձայն էին զինադադարի, ապա այսօր բոլոր այդ երկրները փոխել են իրենց դիրքորոշումը եւ Հայաստանը հայտնվել է փակուղում»,-մամլո ասուլիսում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Մարտիրոսյանը: Նա նաեւ նշել է, որ կազմակերպությունը հայտ է ներկայացրել ՀՀ ԱԺ` առաջարկելով Խաղաղության օր հայտարարել մայիսի 12-ը, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: «Մենք խնդրել էինք նրանց ցանկացած, դրական կամ բացասական պատասխան տալ մինչ այսօրվա մամլո ասուլիսը, սակայն անարդյունք»,-ընդգծել է Մարտիրոսյանը:
«Չնայած զինադադարի մասին համաձայնագրին եւ հարցը խաղաղ լուծելու մեր ղեկավարության խոստմանը, Ադրբեջանը մինչ օրս սպառնում է մեզ պատերազմով եւ դա անխուսափելիորեն մեզ փակուղի է տանում»,-հայտարարել է Գ.Մարտիրոսյանը` հավելելով, որ ՀՀ ղեկավարությունը չի կարողանում լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները` ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: «Աշխարհը չի ընդունում Ղարաբաղը, եւ եթե Ղարաբաղի բնակիչներն ասում են, թե իրենք էլ են ուզում նորմալ պայմաններում ապրել, նրանց հետ ոչ ոք հաշվի չի նստում»,-հայտարարել է նա` նշելով այն փաստը, որ մայիսի 12-ը Հայաստանում չի ընկալվում որպես խաղաղության օր եւ դա վկայում է այն մասին, որ պաշտոնական Երեւանը չկարողացավ պահպանել իր նվաճումներն ու տարիներ շարունակ բաց էր թողնում երկրում իրավիճակը կայունացնելու շանսերը:
«Ինչ պայմանագիր էլ կնքի Հայաստանը, ամեն դեպքում նա պարտություն կկրի»,-ասել է Մարտիրոսյանը` ընդգծելով Հայաստանի անգործություը` օրինակ բերելով «տեղեկատվական պատերազմը». «Ադրբեջանական մամուլը գոնե ինչ-որ բան է անում, իսկ մենք ի՞նչ ենք անում: Մտեք ինտերնետ, ամբողջ աշխարհում ոչ մի հայկական կայք չի հակազդում ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններին»,-ասել է Մարտիրոսյանը` հավելելով, որ այդ անգործությունը պայմանավորված է կամ նրանով, որ իրենք ամեն ինչի հետ համաձայն են, կամ անտարբեր են, կան անօգնական: