28 մայիսի 2024 - 13:30 AMT
Գարեգին Բ․ Հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Հանրապետության տոնի առթիվ հղած իր ուղերձում նշել է, որ Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձություններն անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում՝ Հայոց ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարի ելավ և կերտեց իր փառապանծ հաղթանակները։

Նա հավելել է, որ այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։

«Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։

Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն»,–ասվում է ուղերձում։

Մայիսի 28–ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը տոնում են Առաջին Հանրապետության օրը։ 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, հայ ազգը, համախմբելով բոլոր ուժերը, դարեր անց կարողացավ վերականգնել պետականությունը: