29 մայիսի 2024 - 10:53 AMT
Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այլևս հանդիպում չի պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին սրբազանը հայտարարել է Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ հավաքվել են շարժման կողմնակիցները։

Նա հավելել է, որ իշխանությունների բիրտ ուժն ու վայրագ կեցվածքը որևէ կերպ չի կասեցնում վերջնարդյունքին հասնելու շարժման պայքարը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեզ ոչինչ հետ չի պահում այդ վերջնարդյունքից։ Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա։ Բարի ճանապարհներով կգնա, խելոք է, գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում»,– ասել է Բագրատ սրբազանը։

Նա նաև ասել է, որ պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։ Հավաքվածները երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք։

Դեռևս մայիսի 28-ին Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ մայիսի 29–ին առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։ Արձագանքելով Բագրատ սրբազանի կանչին` բազմաթիվ քաղաքացիներ եկել են հավաքի վայր։ Այստեղ են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, զոհված զինծառայողների ծնողներ և այլն։