30 մայիսի 2024 - 13:58 AMT
Փաշինյան․ ՌԴ գործընկերները հավաստիացրել են` երկաթուղին կվերականգնվի հնարավորինս արագ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով հեղեղումների հետևանքով երկաթուղուն հասցված վնասին, հայտարարել է, որ ՌԴ գործընկերները վստահեցրել են, որ երկաթուղին կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում։

«Մոսկվայում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շփումներ է ունեցել ռուս գործընկերների հետ, մասնավորապես «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար կազմի հետ։ Մեր ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ երկաթուղին հնարավոր ամենասեղմ ժամկետներում կվերականգնվի, ինչը կարծում եմ շատ կարևոր է»,–ասել է Փաշինյանը։

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի հերթական նիստին։

Մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել է 4 էլեկտրակայան և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել է 3 ինժեներական կառույց, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր։ Այդ մասին ավելի վաղ հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։