30 մայիսի 2024 - 14:07 AMT
Կառավարության շենքի մոտ ցույց է․ 9 բերման ենթարկված կա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ սրբազանի հորդորով մայիսի 30–ի առավոտյան 10։30 հավաքվել էին Հանրապետության հրապարակում և բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության նիստին զուգահեռ։

Վաղ առավոտից կառավարությունը բոլոր կողմերից շրջափակվել է ոստիկանական շղթայով։ Ոստիկանները նաև քարշակներով հեռացնրել են հրապարակում թողնված ավտոմեքենաները, հայտնում է Sputnik Արմենիան։

Բագրատ սրբազանն ասել է, որ եթե ոստիկանները կարգելափակեն ավտոմեքենաների ճանապարհը, պարզապես անջատեն շարժիչը և դուրս գան մեքենայից։ Վարորդներն այդպես էլ վարվում են՝ կաթվածահար անելով Հանրապետության հրապարակի շարժը։

Իրավիճակը բավականին լարված է։ Ոստիկանները փորձում են հեռացնել հավաքվածների կառավարության մոտից։

«Հանդարտվեք, ոչ մեկը չշարժվի։ Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք բացարձակ աստիճանով, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու, եկել եք ի՞նչ, ո՞ւմ պաշտպանելու, էն ստախոսը նստել է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու, հետ գնացեք, փողոցը փակել եք դուք, երթևեկելի մասն էլ փակել եք դուք»,- բարձրախոսով հայտարարել է Բագրատ սրբազանը՝ դիմելով ոստիկաններին։

Ոստիկանությունը պահանջել է, որ ակցիայի մասնակիցները դուրս գան հրապարակի երթևեկելի մասից։ Բագրատ սրբազանն էլ շեշտել է՝ նախ ոստիկանությունը թող նահանջի երթևեկելի մասից, դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները դուրս կգան այս հատվածից։

Հանրապետության հրապարակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 2 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանութուն։ Բացի այդ, բողոքի ակցիայի ևս 7 մասնակցի բերման են ենթարկել Մյասնիկյան պողոտայից։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

«Հանրապետության հրապարակից 6 ավտոմեքենա է տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,–հայտնել են ՆԳՆ–ից։

Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։