Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը:
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում երկու երկրների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար։
Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման դյուրացմանն ուղղված ուղիների ստեղծմանը։
Արդյունքում՝ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված՝ տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացքում ծագող խնդիրները։
Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի նաև ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսվող փոխգործակցության արդյունքում ընթացիկ խնդիրների հայտնաբերման, կանխարգելման և կարգավորման համատեքստում։