15 հունիսի 2002 - 19:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԲԱՑԱՌՈՒՄ Է ՄԵՂՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ԱԳՆ-ն կտրականապես բացառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցական գործընթացում Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակման քննարկման հնարավորությունը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիական համանախագահ Հյուգո Պերնեի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել է, թե «փարիզյան սկզբունքների» ասպեկտներից մեկը, որը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, պայմանավորվածությունն է Մեղրու շրջանը փոխանցել Ադրբեջանի ինքնավարության ներքո եւ, համապատասխանորեն, Լաչինի միջանցքը` Հայաստանի ինքնավարության ներքո: Մեկնաբանելով այդ հայտարարությունը «Արմինֆո» գործակալությանը, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել է, որ նման տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը` հայկական կողմը այդ թեմայով երբեք նման քննարկումներ չի անցկացրել, առավել եւս չի տվել իր համաձայնությունը Հայաստանի սուվերեն տարածքի ինչ որ մասի Ադրբեջանին հանձնման մասին: Նա հիշեցրել է, որՀայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը բազմիցս հայտարարել են այն մասին, որ «Հայաստանի տարածքը առեւտրի առարկա չէ»: Նրա խոսքերով` նման հայտարարությունները պաշտոնական Բաքվի հերթական փորձերն են խեղաթյուրել իրավիճակը եւ խափանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցական գործընթացը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: