ՌԴ նորանշանակ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի հետ իրենց առճակատման կուրսով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։
Նա նաև ասել է, թե հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները, անվտանգության և պաշտպանունակության ամրապնդման պատրվակով, հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներքաշելու առումով, գրում է ՏԱՍՍ–ը։
Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր»։
«Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և նրանց թելադրմամբ»,–ասել է Բելոուսովը։
«ՆԱՏՕ–ի առանձին երկրներ փորձում են իրենց դիրքերն ամրապնդել Կովկասում, դրանով իսկ հասանելիություն ստանալով Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք դեպի Կենտրոնական Ասիա։ Ապակայունացվում է իրավիճակը և ֆինանսավորվում են բողոքի ակցիաները Վրաստանում, որոց ցանկանում են ակտիվ հակառուսական գործողությունների հասնել»,–ասել է Բելոուսովն Ալմաթիում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ ղեկավարների նիստում։
Հայաստանը չի մասնակցում մայիսի 31–ին Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ Նա հավելել է, որ թեև ՀՀ–ն չի մասնակցում նիստին, սակայն, չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը։
Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ն սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին և չի բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից։