31 մայիսի 2024 - 17:46 AMT
ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է ԱԳՆ շենքի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորել ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, այնպես էլ հավաքի մասնակիցներին զերծ մնալ իրավիճակի սրման ցանկացած փորձից:

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։

«Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, կրում են հավաքի խաղաղ ընթացքը ապահովելու պարտականություն, և պետք է ցուցաբերեն զսպվածություն ու պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորել է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին: Առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

ԱԳՆ շենքի մոտ լարված իրավիճակը է։ Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, հեռացնում են քաղաքացիներին ԱԳՆ շենքի առջևից։ Բերման է ենթարկվել 26 անձ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։