31 մայիսի 2024 - 18:59 AMT
Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել

Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան ՀՀ քաղաքացիություն է ստացել և միջազգային մրցումներում կներկայացնի Հայաստանը, հայտնում է Sports.ru-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 15–ամյա Տիտովան մտադիր է համալրել Հայաստանի հավաքականի կազմը։

«Հայաստանի քաղաքացիության հարցը Տիտովայի պարագայում լուծված է։ Գեղասահորդուհին կարող է օրինական հիմունքներով ներկայացնել Հայաստանը»,–ասել են ՀՀ գեղասահքի ֆեդերացիայից։

Տիտովան Ռուսաստանի պատանիների Գրան պրիի փուլերի մրցանակակիր է, Մոսկվայի առաջնության մրցանակակիր։ Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում։

Լուրեր են շրջանառվում, որ ռուսաստանցի գեղասահորդների Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին զույգը ևս մտադիր է փոխել հավաքականը և նույնպես հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Այդ մասին գրել է «Մատչ ՏՎ»–ն։