1 հունիսի 2024 - 10:39 AMT
ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է

Մայիսի 31–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ ԱԳՆ–ի դիմաց տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների հիմքով» 28 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նշվում է, որ մայիսի 31-ին ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։

«Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։ Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, որի շրջանակներում 28 անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին: Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ Ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։

Որոշումներ են կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 28 անձանց ձերբակալելու վերաբերյալ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչ և մասնակից անձանց ամբողջական շրջանակը, յուրաքանչյուրի ինքնությունը պարզելու, նրանց արարքներն անհատականացնելու, նշված անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվում են նաև առերևույթ զանգվածային անկարգությունների ընթացքի նկարագրությանը վերաբերող, համացանցում առկա տեսանյութերը։

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը հացադուլ ու ջրադուլ է հայտարարել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները մայիսի 31–ի երեկոյան հաջակցություն ձերբակալվածների հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։