3 հունիսի 2024 - 12:57 AMT
Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի 2024-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Հայաստանի ներկայացուցիչը Բանգկոկում ընթացող վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում մենամարտել է իռլանդացի Մարտին Մաքդոնագի հետ և 3:2 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ։

Օլիմպիական ուղեգրին մոտ են եղել նաև 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 66 կգ քաշային Անի Հովսեփյանը, որոնք, սակայն, վճռորոշ մենամարտերում զիջել են մրցակիցներին:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ վարկանիշային մրցաշարին մասնակցել են նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ), հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Սա Հայաստանի 12-րդ ուղեգիրն էր: