3 հունիսի 2024 - 15:11 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կհստակեցնի ՀԱՊԿ–ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այդ մասին նա ասել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

«Հուսով ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Դա օգտակար կլիներ մեր միավորման բոլոր անդամների, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։

«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ ՀՀ–ն շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- հայտարարել է Տասմագամբետովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։