5 հունիսի 2024 - 12:39 AMT
Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում

Պաշտոնական այցով Սլովենիայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Եվրոպայում, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Հայաստան-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Տանյա Ֆայոնը նշել է. «Մենք տեսնում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում»։

Ալեն Սիմոնյանը նշել է․ «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի և Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում: Անցած տարիներին կանոնավոր շփումներ են իրականացվել նախարարությունների, դեսպանատների մակարդակով, ակտիվ փոխանակումներ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և շատ այլ ոլորտներում»է:

Քննարկվել են նաև Սլովենիա երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Սլովենիայի համագործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը երկու երկրների փոխգործակցությունը գնահատել է արդյունավետ:

«Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարների վերաբերյալ առարկայական քննարկումներ սկսելուն»,- հավելել է խորհրդարանի ղեկավարը: