5 հունիսի 2024 - 13:39 AMT
ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին

Հայաստանն առաջին անգամ կողմ է քվեարկել վրացի փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին, որով ճանաչում է բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է բանաձևը 103 կողմ ձայնով։ Բանաձևն ընդունվում է արդեն 17–րդ անգամ։ Կողմ քվեարկածների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3–ով, հայտնում է Civil.ge–ն։

ՄԱԿ–ը 17-րդ անգամ է նման բանաձև ընդունում։ Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել։

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն X-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցության համար։

«Վրաց-հայկական ռազմավարական գործընկերության ևս մեկ մեծ քայլ առաջ։ Շնորհակալություն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին աջակցության համար»,–ասվում է գրառման մեջ։

Բանաձևին դեմ է քվեարկել 9 երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Բուրունդին, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան և Մալին։ 53 երկիր ձեռնպահ է մնացել։