5 հունիսի 2024 - 18:28 AMT
Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը մտադիր է օգնություն ցուցաբերել Հայաստանին, ապա Ադրբեջանին էլ պետք է գումար հատկացնի։

Խոսելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու ծրագրի մասին՝ Սիյարտոն ասել է, որ նույնքան գումար պետք է հատկացվի նաև Ադրբեջանին։

«Մենք կարծում ենք, որ նույնպիսի աջակցություն պետք է հատկացվի Ադրբեջանին»,–ասել է նա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է APA-ն։

Նա ասել է նաև, որ Հունգարիան, որպես ԵՄ Խորհրդի նախագահ, որի պարտականությունները ստանձնելու է հուլիսի 1–ին, սատարելու է պետությունների միջև խաղաղության և համագործակցության նախաձեռնություններին, և ողջունում է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործում, հայտնում է Haqqin.az-ը։

Սիյարտոն նաև ասել է, որ Հունգարիան հետևելու է, որ Եվրամիությունը հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասի հարցում և «կրակին յուղ չլցնի»։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ իրենց աղբյուրների վրա հղումով հայտնել էին, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ–ին աջակցության հատկացումն արգելափակում է Հունգարիան, սակայն, պաշտոնապես դա չէր հաստատվել։