5 հունիսի 2024 - 19:14 AMT
Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է, որ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանը։ Այդ մասին նա ասել է Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։

Նա ասել է, որ դրական դինամիկա է նկատվում, հայտնում է Turan.az-ը։

«Պատասխանի բովանդակությունը թույլ է տալիս եզրակացություն անել, որ բաց մնացող հարցերի քանակը նվազել է և դրական դինամիկա է նկատվում»,–ասել է Բայրամովը։

Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Բայրամովը մեկ այլ դրական պահ է անվանել սահմանազատման մեկնարկը երկու երկրների միջև՝ Տավուշի և Ղազախի հատման վայրում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը: