6 հունիսի 2024 - 13:53 AMT
Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին

Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի ՀՀ-ին՝ հեղեղումների վնասների վերացման համար: Այդ մասին ասվում է Լիտվայի կառավարության X-ի միկրոբլոգում։

«Համերաշխությունը գործողության մեջ՝ Լիտվայի կառավարությունը 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին, որը տուժել է ավերիչ հեղեղումներից»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-իր էջում շնորհակալություն է հայտնել լիտվացի իր պաշտոնակից Ինգրիդա Շիմոնիտեին աջակցության համար։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։