6 հունիսի 2024 - 14:59 AMT
Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն «ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում», աճում է օդում սադրանքների թիվը։

Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմաններԻն ավելանում է դաշինքի ռազմական ներկայությունը, սպառազինության նոր համակարգեր են տեղակայվում։ Աճում է սադրանքների թիվը օդային տարածքում, անցկացվում են բազմաթիվ զորավարժություններ, որոնց ժամանակ մշակվում է այդ թվում նաև ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք»,- ասել է Շոյգուն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։