6 հունիսի 2024 - 15:00 AMT
Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության համար մրցույթ հայտարարելու որոշմանը, նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի։

«Կարծում եմ ԱՕԿՍ-ի շենքն իրավական ընթացակարգերով պետությանը վերադարձված այս պահի դրությամբ ամենատեսանելի և նշանավոր շինությունն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գույքն արդյունավետ կառավարվի:

Ուզում եմ կոնկրետացնեմ՝ եթե որևէ մեկն ուզենա այդտեղ ունենալ, օրինակ, օծանելիքի խանութ, հագուստի խանութ, կամ սննդի կետ՝ սրճարան, ռեստորան, բացելու սահմափակում չկա։ Գույքը վարձակալելու միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը պետք է չվնասվի: Իսկ հետագայում այնտեղ նախատեսվող վերանորոգման, հարդարման աշխատանքների նախագծերը պետք է հաստատվեն և նախատեսվող աշխատանքները վերահսկվեն ԿԳՄՍ նախարարության կողմից և միայն հաստատումից հետո կատարվեն աշխատանքները»,- ասել է վարչապետը, hայտնում է Factor.am-ը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան նշել է, որ քանի որ շենքը պատմամշակութային նշանակություն ունի, պատմամշակութային հուշարձան է, շենքի արտաքին տեսքի հարդարման հետ կապված աշխատանքները պետք է մասնագիտական դրական եզրակացությամբ իրականացվեն։

«Պետք է վստահ լինենք, որ դրանից որևէ ձևով չի աղավաղվի շենքի արտաքին տեսքը կամ ներքին այն կառուցվածքը, որ նույնպես պատմամշակութային արժեք է: Դա նշանակում է, որ նախագիծը կներկայացվի մեզ և ոլորտի մասնագետներից կազմված մեր Գիտամեթոդական հանձնաժողովը այն կքննարկի»․–ասել է նախարարը:

Վարչապետը հիշեցրել է, որ հայտարարվելու է հրապարակային մրցույթ, որին կարող են մասնակցել սահմանված չափանիշներին բավարարող բոլոր սուբյեկտները:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ 10 տարին պայմանագրի հիմնական ժամկետն է և նախապատվության իրավունքով այն ունի 10 տարով երկարաձգելու իրավունք:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման գույքերի արդյունավետ կառավարումը։

«Իմ ընկալումն այն է, և հույս ունեմ, որ այն կյանքում իրեն կարդարացնի, որ այս և նման գույքերը պետք է հետագայում կառավարենք վարձակալության տրամաբանությամբ, որպեսզի նրանք պետական բյուջեի համար շարունակական եկամտի աղբյուր դառնան: Կարծում եմ՝ պետական գույքի կառավարումից մեր բյուջետային եկամուտները շատ ավելին լինելու պոտենցիալ ունեն, և այդ պոտենցիալը պետք է պարզապես ճիշտ օգտագործել»,–ասել է նա:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ նշել է, որ անցյալ շաբաթ ևս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության նախնական իրավունքը: Խոսքը Կողբացի 36/3 հասցեում գտնվող 235․8 քմ անշարժ գույքի մասին է:

«Այս պահին ՀՀ ունի կառուցապատման իրավունք, մենք այս շաբաթվա ընթացքում կգրենք ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով որպեսզի շենքի ավարտական ակտի ստացման գործընթացի մեջ կառավարությունը դերակատարում ունենա, որպեսզի այս գույքը ևս հնարավորություն ունենա տնօրինելու»,- ասել է Վարդապետյանը: