6 հունիսի 2024 - 15:28 AMT
Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին, հայտնում է Արմենպրեսը։

Ադրբեջանցի քաղաքագետը X–ի իր միկրոբլոգում հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։

Հարցին՝ հաստատված է արդյոք վարչապետի օրակարգը, նա կմասնակցի՞ Բաքվում ծրագրված միջազգային այդ կոնֆերանսին, նա պատասխանել է. «Փորձագետն արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»։

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին՝ ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի`COP 29–ի անցկացման հարցում։ Ինստիտուտը նման կոչով է հանդես եկել՝ հաշվի առնելով «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան ռազմավարությունը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ու հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի ու մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումները»: