6 հունիսի 2024 - 17:57 AMT
Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել՝ կյանքին վտանգ չի սպառնում

Հունիսի 6–ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ), հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության ե հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի ե Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է՝ որ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ:

«Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա»,–ասվում է պատասխանի մեջ։